Անթերիների վաշտը․ Բաղրամյան 26-ի պատվո պահակայինները

  • Հունվարի 28, 2019, 10:03

2018թ․ սեպրեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության օրը, բացվեցին մեր երկրի ղեկավարի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դռներն, ու Հայաստանի քաղաքացիների համար այն դարձավ սիրելի զբոսավայր։ Առաջին անգամ քաղաքացիների համար երևելի դարձավ նաև հայկական բանակի ամենահանդիսավոր զորատեսակի՝ պատվո պահակային վաշտի յուրահատուկ ծառայությունը՝  24/7 ռեժիմով։

Հայկական զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի առիթով Peoplemedia.am-ը եղել է Բաղրամյան 26-ում, հետևել մեր բանակի ամենավայելչակազմ տղաների ծառայության ընթացքին, զրուցել նրանց հետ ու շատ խրոխտ ֆոտոշարք նկարել։

Պարզվում է՝ տղաներին ամենամոտը կանգնում են երեխաներն ու սելֆի անող աղջիկները։ Եվ եթե աղջիկների պարագայում ամեն ինչ սահմանափակվում է ժպտալու առաջարկով, ապա երեխաները հիմնականում հարցեր են տալիս․ «Ամենաշատը հարցնում են՝ իրենք իսկակա՞ն են, բա իրենք ջուր ո՞նց են խմում, շնչո՞ւմ են, թե՞ չէ»,- պատմում են տղաներն ու հավելում, որ ամեն դեպքում այդ ամենը իրենց շատ հաճելի է՝ թեև շփման մեջ մտնել չեն կարող։

previous arrow
next arrow
ArrowArrow
Slider

Շարքային Արտյոմ Գիշյանն արդեն 1 տարի, 6 ամսվա զինվոր է։ Ասում է, որ մեծ հպարտությամբ է կրում իր ծառայությունը, սակայն երբ հետ է նայում, հասկանում է, որ մինչ զորակոչվելը բոլորովին չէր պատկերացնում՝ որքան բարդ, պատասխանատու ու լրջագույն խնդիրներ են լինելու իր առջև դրված։ Հենց Գիշյանն էլ մեզ ներկայացրեց հայկական բանակի ամենագեղեցիկ զորատեսակի հետ կապված ամեն ինչ՝ պատմությունից մինչև ծառայության առանձնահատկությունները․

«Ծառայության սկիզբը բավականին անսովոր ու բարդ է, բայց սպաների շնորհիվ և շատ պարապելու արդյունքում շուտ հարմարվում ենք, հաղթահարում մեր առջև դրված խնդիրները։ Որպես ներկայացուցչական ստորաբաժանում, պատվո պահակային վաշտում գլխավոր ու հիմնական գործոնը նորակոչիկի արտաքին ու ֆիզիկական տվյալներն են․նորակոչիկը պետք է ունենա 180-190 սմ-ի սահմաններում հասակ, ներկայանալի արտաքին, համաչափ դիմագծեր, չունենա դաջվածքներ։ Ոչ պակաս կարևոր են նաև զինվորի այնպիսի որակներն, ինչպիսիք են դիմացկունությունն ու կենտրոնացվածությունը։ Հիմնականում պոլիկլինիկաների տվյալների հիման վրա հավաքակայաններում արդեն իմանում են՝ ովքեր են համապատասխանում, բայց կարող է ստացվել, որ 180 հոգուց արդյունքում ընտրվեն միայն 10 լավագույնները»։

peoplemedia.am Պատվո պահակային վաշտ

ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտը ստեղծվել է 1993թ. հունվարի 18-ին՝ զինված ուժերի ստեղծումից ուղիղ մեկ տարի անց։ Առաջին միջոցառումը, որին մասնակցել է վաշտը, ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուղարկավորությունն է եղել։ Առաջին պաշտոնական դիմավորումը՝ 1994թ․, երբ Հայաստան եկավ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։ Դրանից հետո առանց պատվո պահակային վաշտի մեր երկրում  չի  անցկացվում պետական մակարդակի ոչ մի միջոցառում՝ շքերթներ, ցուցադրական շարանցումներ, տարբեր պատվիրակությունների դիմավորումներ՝ երկրի ղեկավարի նստավայրում և պաշտպանության նախարարությունում:

peoplemedia.am պատվո պահակային վաշտ

Օրական 5 ժամ շարահրապարակում՝ անկախ եղանակային պայմաններից․ պատվո պահակայինի տղաների շարային պատրաստությունը պետք է լինի իդեալական։ Ձիգ մեջք, խրոխտ հայացք, սովորական զինվորական հանդերձանքից մի քանի անգամ ծանր համազգեստ, աքսեսուարներ ու զենք, հստակ քայլք ու ոչ մի էմոցիա։ Բարդ է, բայց հնարավոր՝ տղաներն ապացուցում են։ Ընտրյալ լինելու միտքն է նրանց գլխավոր առաջ մղող գործոնը,  նաև սերը գործի հանդեպ, որը ծնվում է հենց առաջին պաշտոնական միջոցառման ժամանակ։

Պատվո պահակային վաշտի զինվորների ճաշացանկը փոքր ինչ ավելի հագեցած է։ Դա պայմանավորված է նրանով, որ տղաների ֆիզիկական լարվածությունն այս զորատեսակում շատ է։ Լինում են դեպքեր, երբ այս կամ այն միջոցառումը նախատեսվածից երկար է տևում, և այդ դեպքերի համար տղաները ևս նախնական պատրաստություն են անցնում։ Որպեսզի երկար կանգնած վիճակում զինվորը չուշաթափվի, արյան շրջանառությունը կարգավորելու համար նա պետք է կանգնած դիքում աննկատ շարժի ձեռքերի, ոտքերի մատները։

peoplemedia.am պատվո պահակային վաշտ

Պատվո պահակային վաշտ peoplemedia.am

Պատվո պահակային վաշտն ունի մի քանի խմբեր, որոնք կատարում են կոնկրետ առաջադրանք՝ կոնկրետ հանգամանքներում։  Դիմավորման խումբը մասնակցում է օտարերկրյա նախագահների, հյուրերի պաշտոնական այցերին ու դիմավորման արարողություններին: Ծաղկեպսակ տեղադրողների խումբը մասնակցում է միջոցառումների Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում,  հուշարձանների բացման ժամանակ։ Պատվո պահակ կանգնող խումբը հենց այն խումբն է, որը Բաղրամյան 26-ում է ծառայություն իրականացնում, հստակ տարբերակված են նաև  համազարկ տվողների և դեֆիլե վարժանքների խմբերը։ Պատվո պահակային վաշտի զինվորը անթերի տիրապետում է վերոնշյալ բոլոր խմբերի գործառույթներին, և այս ստույգ բաժանումն ըստ խմբերի նրա համար է, որ հստակ լինի՝ որ խումբը ինչ միջոցառման է մասնակցում։

peoplemedia.am պատվո պահակային վաշտ

Ու մինչ պատվո ժամապահները զգաստ կանգնած են, ամեն 15 րոպեն մեկ նրանց է մոտենում վերադասը, շտկում տղաների գոտիները, գլխարկները․ «Կարգն է այդպիսին։ Բացի նրանից, որ ժամապահն իրավունք չունի շարժվել, ինչ որ բան շտկել իր վրա, սա նաև հոգեբանորեն է կարևոր․ ժամապահը զգում է,  որ մենակ չէ»,- մանրամասնում է Գիշյանը։

peoplemedia.am պատվո պահակային վաշտ

Շարքային  Գևորգ Գևորգյանը, ով պատվո ժամապահ է կանգնում արդեն մեկ տարի, ծառայության մասին ասում է՝ բարդ է, բայց հաղթահարելի, ծառայության մեջ բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են․«Երբ հավաքակայանում իմացա, որ ծառայությունս այս ձևաչափում ու այս զորամասում եմ անցկացնելու, լավ չէի պատկերացնում՝ ինչ է այն իրենից ենթադրում։ Հետո, ավելի լավ ծանոթանալով, սիրեցի։ Ուշադրության պակաս երբեք չկա․ օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են մոտենում, լուսանկարվում, հատկապես սելֆի սիրող աղջիկները (ծիծաղում է)»։

 peoplemedia.am պատվո պահակային վաշտ

Շարքային Նարեկ Գևորգյանին էլ  երեխաների հետաքրքասիրությունն  է ուրախացնում, երբ մոտենում են, երկար նայում, ու սկսում հարցեր տալ, հետո էլ զարմացած հարցնում ՝ չի խոսում, իսկական չի՞։ Ծառայում է արդեն 6 ամիս և դժվարությունների մասին խոսելիս առաջինը հիշում է երկարաճիտ կոշիկներին հարմարվելու շրջանը, երբ պարապմունքները շատ երկար էին, ոտքերն էլ՝ դեռ չհարմարված նոր կարգավիճակին։

peoplemedia.am պատվո պահակային վաշտ

peoplemedia.am պատվո պահակային վաշտ

Պատվո պահակային վաշտ․ Peoplemedia.am

Հայկական բանակ peoplemedia.am

Երևանի վրա իջնում է երեկոն ու զբոսանքի դուրս եկած մարդիկ կրկին հավաքվում են  այստեղ՝ մեկ անգամ ևս  հիանալու մեր բանակի խրոխտ ու պայծառ այս տղաների տեսքով։ Շատերին տղաներն արդեն դեմքով են ճանաչում՝ գրեթե ամեն օր գալիս են։ Իսկ հարակից շենքերի երեխաներին նույնիսկ անուններով գիտեն՝ իրենց աչքի առաջ են մեծանում։ Բանակի օրվա կապակցությամբ մենք տղաներին ենք շնորհավորում, տղաները՝ սահմանի վրա կանգնած իրենց ընկերներին և երկուստեք հնչող մաղթանքների մեջ նույն խորհուրդն է հնչում․ շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, խաղաղ ու անփորձանք ծառայություն մեր զինվորներին։

© Peoplemedia.am

Պատրաստեցին՝ Արմինե Հայրապետյանը, Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

Tags: , , , , , , ,