«Ազարյանական խաչի» լեգենդն 90 տարեկան է

  • Փետրվարի 11, 2019, 11:35

Սպորտում նրա արձանագրած հաջողությունները քչերին է հասանելի: Անվանի մարմնամարզիկ, Օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ մարզիչ Ալբերտ Ազարյանն այսօր դառնում է 90  տարեկան։

Ալբերտ Ազարյանն ու սպորտը

«Այն ժամանակ չէինք մտածում այդպիսի բաների մասին, թե ինչ ենք ուզում դառնալ: 1944 թվականին, երբ  հայրս մահացավ, դրանից հետո ես դարբնի աշակերտ դարձա: Առավոտյան աշխատում էի, իսկ երեկոյան` դպրոց  գնում: Երկու տարի հետո եղբայրս մահացավ, և ես ստիպված էի գնալ այդ աշխատանքին, որ կարողանայինք ընտանիքը պահել: Երբ 1948-ին եկա Երևան, Ֆիզկուլտուրայի տեխնիկում ընդունվեցի, դրանից հետո 1952 թվականին ավարտեցի և ինստիտուտ ընդունվեցի: 1951 թվականին ես սպորտի վարպետի կոչում ստացա, 1952-ին ես դարձա Սովետական միության չեմպիոն: Շատ կարճ ժամանակամիջոցում այդ ամենը կատարվեց: Իսկ Սովետական միությունում մինչև գերազանց տվյալներ չունենայիր, չէիր կարող հանդես գալ ու նման կոչումների արժանանալ»:

albert azaryanՊարգևները

  • 1954 ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
  • ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ
  • 1967 ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ
  • 2000 թվականին նրան շնորհվել են «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա ասպետ» կոչումները
  • 2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը
  • «Երևանի պատվավոր քաղաքացի»
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

albert azaryanԱլբերտ Ազարյանի ընտանիքը

Ալբերտ Ազարյանն ամուսնացած է, ունի չորս երեխա, յոթ թոռնիկ և  երեք ծոռ:

«Կինս՝ Լիզան, ծնունդով Վրաստանից է՝ Ախալցիխեից։ Նա ևս մարմնամարզուհի է։ Սկսել է մարզվել Վրաստանում, մարմնամարզության Վրաստանի հավաքականի անդամ է եղել։ Երբ Վրաստանի առաջնությունում առաջին տեղ է զբաղեցնում, նրա սպորտային կարիերան շարունակելու համար առաջարկում են հայկական ազգանունը փոխել վրացական ազգանունով՝ Երիկյանը դարձնելով Երիկաշվիլի։ Կնոջս հայրը զայրանում է սպորտի ղեկավարության այդ առաջարկից և Լիզային ուղարկում Երեւան՝ սովորելու, սպորտային կարիերան այստեղ կառուցելու։ Այդպես կինս հայտնվում է Երևանում և հենց այն տեխնիկումում, որտեղ ես էի սովորում։ Այդ ժամանակ ես արդեն Կիրովականից տեղափոխվել էի Երևան և ապրում էի այն նույն հանրակացարանում, որտեղ կացարան գտավ ապագա կինս։ Այդպես ծանոթացանք։ Ամեն օր տեխնիկումում և մարզադահլիճում հանդիպում էինք և այդ հանդիպումներն անցնում էին լուռ, առանց որեւէ զրույցի։ Չէինք խոսում իրար հետ, բայց ջերմ հայացներով և ժպիտներով փոխանակվում էինք։ Երբ արդեն ամուսնացած էինք, կինս խոստովանեց, որ իրեն վատ էր զգում, երբ ես այդպես նայում էի հանդիպելիս։ Ժամանակի ընթացքում մտերմացանք եւ սիրեցինք իրար»։

albert azaryan

Ալբերտ Ազարյանի հաջողության բանաձևը

Ալբերտ Ազարյանն ունի հաջողության հասնելու մեկ բանաձև ու գաղտնիք՝ աշխատել, աշխատել և աշխատել։

«Ես 90 տարեկան եմ և իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ մարմնամարզության դահլիճում: Եթե դու տրամադրված ես, նպատակ ունես հասնելու հաջողության, դու պետք է բոլոր դժվարությունները հաղթահարես ու հասնես: Դա քո ճակատագիրն է:»

albert azaryan

© Peoplemedia.am

Նյութը պատրաստելիս օգտագործվել են հատվածներ Ալբերտ Ազարյանի տարբեր հարցազրույցներից։

Tags: , , , , , ,