Ինչպես սփյուռքահայ երիտասարդները որոշեցին ընթերցանության միջոցով փոխել Հայաստանն ու Արցախը՝ «Zartnir»

  • Փետրվարի 8, 2019, 11:38

Ամերիկացի գրող, դերասան և սցենարիստ Ջորջ Կարլինն ասում էր՝ «Այնքան կարևոր չէ երեխաներին սովորեցնել կարդալ, որքան կարևոր է նրանց սովորեցնել հասկանալ ինչ են կարդում»։

Ընթերցանությունը խրախուսող և դպրոցահասակ երեխաների մոտ վերլուծական կարողություններ զարգացնելու մի նախաձեռնության շուրջ էլ համախմբվեցին Հայաստանից,  Մոսկվայից  և Հոլանդիայից  հայ երիտասարդները։

«Zartnir» (Զարթնիր) կրթական նախաձեռնությունը ստեղծվել է  2017 թվականի սեպտեմբերին՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո և  ունի մեկ կարևոր նպատակ՝ ընթերցանության միջոցով փոխել ու հզորացնել  Հայաստանի և Արցախի մշակութային դիմագիծը։

zartnir

Peoplemedia.am-ը զրուցել է  նախաձեռնության հիմնադիր Արեգ Աբրահամյանի հետ։

Արեգը 25 տարեկան է, բնակվում է Մոսկվայում։ Կրթություն է ստացել Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, ապա կրթությունը շարունակել Գերմանիայում։

Ինչպես ստեղծվեց նախաձեռնությունը

Նման նախաձեռնությամբ հանդես գալու միտքը ծնվեց 2016 թվականի Քառօրյա պատերազմի օրերին, երբ ամբողջ Սփյուռքը համախմբվել էր հայրենիքին օգնելու գաղափարի շուրջ։ Քանի, որ օգնությունն հիմնականում նյութական էր՝ գումարի, զենքի և այլ անհրաժեշտ ապրանքների տեսքով, որոշում կայացվեց կանգ առնել կրթական ոլորտի աջակցության վրա։ Միայն գումարով ու զենքով պետությանը չես օգնի։ Պատերազմներում հաղթելու և դրանց վերջ տալու համար նախևառաջ կիրթ ու խելացի հասարակություն է հարկավոր։ Իսկ կիրթ ու խելացի հասարակությամբ պետություն կառուցելու ճանապարհին առաջին հիմնաքարը որակյալ կրթությունն է։

zartnir

 

Երկար մտածեցի նախաձեռնության ֆորմատի շուրջ, որպեսզի այն ինչ-որ չափով լրացներ առկա բացը, և կարճ ժամանակում նկատելի արդյունքներ գրանցելու հնարավորություն ընձեռեր։ Սկզբում մտադրություն կար համակարգչային սենյակներ բացել դպրոցներում և երեխաներին հնարավորություն տալ տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ հմտանալ։ Սակայն այդ գաղափարի վրա շատ չկենտրոնացանք, քանի որ նախ համակարգչային սենյակներ շատ դպրոցներում կան, և հետո այդ համակրգիչներով երկարաժամկետ խնդիրներ չես լուծի։ Մտերիմ ընկրներիս հետ բազմաթիվ քննարկումներ ունեցանք, և երբ քննարկումներից մեկի ժամանակ «գիրք» բառը հնչեց կանգ առանք հենց այդ բառի վրա։ Ես հասկացա, որ ամեն ինչ պետք է կառուցվի գիրք բառի շուրջ։

Ամիջապես հիշեցի ռուսական «Школа Великих Книг» նախաձեռությունը, որի շրջանակներում ընթերցասերները հավաքվում և քննարկում են կարդացած գրքերը։ Ֆորմատը շատ լավ էր, այն մի քիչ ձևափոխեցինք, հարմարեցրեցինք մինչև այդ հնչած մեր գաղափարների հետ և կյանքի կոչեցինք։

zartnir

Ինչ է իրենից ներկայացնում «Zartnir»-ը

«Zartnir»-ը, որի անվանումը անմիջական կապ ունի «Զարթիր լաո» սիրված ժովորդական  երգի հետ,   ոչ կոմերցիոն կրթական նախաձեռնություն է, որը նպատակ ունի երեխաների մեջ ընթերցանության հանդեպ սեր արթնացնել, զարգացնել նրանց վերլուծական և քննադատական միտքը։ Նախաձեռնության անդամները համագործակցում են հայաստանյան երկու  հրատարակչատների հետ, իրենց սեփական միջոցների հաշվին նրանցից ձեռք բերում բացառապես հայալեզու գրականություն և ուղարկում դպրոցներին, որտեղ էլ արդեն կազմակերպվում է ընթերցանությունը։ Դա չի արվում գրականության դասին,։ Ընտրվում է երեխաներին հարմար լրացուցիչ ժամ։

Հայաստանի և Արցախի գյուղերի դպրոցներ։ Այս պահին նախաձեռնությունն իրականացվում է թվով 7 դպրոցներում՝ երկուական դպրոց Արմավիրի և Լոռու մարզում, մեկական՝ Տավուշի մարզում և Մասիս քաղաքում, և մեկ դպրոց էլ Արցախում՝ Բերձորում։ Իրենք իրենց «զարթնեցիներ» կոչող երիտասարդների թիմը բաղկացած է 12 հոգուց։

Զարթնեցիները իրենց նախագիծն իրականացնելու  համար փնտրում են ոչ թե դպրոց, այլ ուսուցիչ, ում հետ իրենք աշխատելու են։ Արցախում երեխաների հետ աշխատողը  դպրոցի գրականության ուսուցչուհին է , իսկ Հայաստանի դպրոցներում հիմնականում «Teach for Armenia»  ծրագրի մասնակիցներն են։

zartnir

Ինչպես են ընտրվում գրքերը

Գրքերն ընտրվում են համաշխարհային գրականությունից և միակ պարտադիր պայմանը, որ դրանք հայալեզու լինեն։ Դրանք չեն ընտրվում դպրոցական պարտադիր ընթերցանության ցանկից։ Հրատարակչատներն, ում հետ համագործակցում ենք մեզ ուղարկում են իրենց ցանկերը և մենք դիտարկում ենք բոլոր այն գրքերը, որոնք մատչելի ու հետաքրքիր կլինեն երեխաների համար։ Օրինակ՝ Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար», Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»  և այլն։

zartnir

Նախաձեռնության առաջին ուսուցչուհին՝ Օլյա Հովհաննիսյանը և առաջին գիրքը

Ինչ է տալիս նախագիծը երեխաներին

Այսօր համաշխարհային կրթական համակարգում կարևորվում է երեխաների մոտ վերլուծական և քննադատական մտածելակերպ զարգացնելը։ Հայաստանյան շատ դպրոցներում դեռ գործում է կրթական  սովետական համակարգը՝ անգիր անել և դրա դիմաց գնահատական ստանալ։ Երեխաները խուսափում են իրենց սեփական կարծիքն ունենալ և դա արտահայտել, եթե չի համապատասխանում ուսուցչի կարծիքին։

Օրնակ նախաձեռնության սկզբնական փուլերում, երբ երեխաները կարդացած գրքի վերաբերյալ էսսե էին գրում, դա ընդամենը գրքի բովանդակությունը պատմող ռեֆերատ էր, իսկ հիմա նրանք փորձում են հասկանալ հեղինակին, հերոսների կերպարներն են վերլուծում, քննարկում սյուժեն, համաձայնվում, կամ քննադատում մտքի հետ։ Դա ամենամեծ ձեռքբերումն է։

Զարթնեցիները նպատակ ունեն ապագայում ավելի շատ դպրոցներ և երեխաներ ընդգրկել իրենց նախաձեռնության մեջ։ Երեխանրի հետ հետադարձ կապն  ու արձագանքներն իրենց աշխատանքի  ամենամեծ գնահատականն են և ցույց են տալիս, որ չեն սխալվել։

Նախագծին կարող եք աջակցել նաև Դուք։

Զրուցեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ «Zartnir»  նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

 

Tags: , , , , , , , , , , ,