Փոքր քաղաքի մեծ երազանքներով աղջիկը․ Արմինե Հակոբյան

  • Հունվարի 26, 2019, 1:48

Որպեսզի սրտում տոն լինի ու աշխարհն էլ ստանա ծաղկած սակուռայի երանգներն ու բույրը, նրան շատ քիչ բան է պետք․ ականջակալում՝ The gazette, մտքի մեջ՝ կոմիքսների նոր թեմաներ, գրպանում՝ սիրելի շոկոլադե կոնֆետը։

Peoplemedia.am-ի «Բարի գալուստ իմ աշխարհ» խորագրի հերոսուհին ստեփանակերտցի Արմինե Հակոբյանն է՝ փոքր քաղաքի մեծ երազանքներով պայծառ ու տաղանդավոր 17-ամյա աղջիկը։

Արմինեն սովորում է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանում, հաճախում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, նկարում է, կոմիքսներ է հորինում, իլյուստրացիաներ է ստեղծում, անիմացիոն ֆիլմ է հեղինակել։ Ճապոնական մշակույթով ու պատմությամբ տարված է արդեն երկար ժամանակ։ Լեզուն գրեթե գիտի, ինքնուրույն է սովորել, և կարծում է, որ հայերի ու ճապոնացիների պատմական անցած ճանապարհները շատ նման են։

peoplemedia.am Armine Hakobyan

The GAZETTE ռոք խմբի նկարը՝ անիմե ոճով, գծանկար․ Հեղ․ Արմինե Հակոբյան

«Ճապոնիան՝ ծագող արևի երկիրը․․․Սիրում եմ ու չգիտեմ էլ՝  ինչո՞ւ հենց այդ երկիրը․․․․մտածում եմ, քանի որ վաղ տարիքից սիրել եմ անիմե ժանրի ճապոնական մուլտֆիլմեր, երևի այդտեղից է։ Բայց այնպես չէ, որ ուրիշ մուլտֆիլմեր չէի դիտում։ Ինձ այդ երկրի մեջ առաջին հերթին գրավում է պատմությունը։ Ես մեր ու նրանց պատմության միջև շատ նմանություններ եմ տեսնում։ Երկու հնագույն ազգ, ունենք դարերի մշակույթ, արվեստ, քաղաքակրթություն։ Ճապոնացիներն էլ, հայերի նման, դարերով պայքարել են իրենց հայրենիքը պահելու համար, ունեցել իրենց հերոսները՝ սամուրայներին։

Շատ եմ սիրում ճապոնացիների որակյալ տեսակը։ Շատ աշխատասեր են, հոգնել չունեն։ Մեզ մոտ այսպես է չէ՞, մարդիկ գնում են աշխատանքի ու սպասում՝ երբ կլրանա ժամը, որ վազեն տուն։ Իսկ ճապոնացիներն այնքան են աշխատում, որ ժամին նայելու ժամանակ էլ չեն ունենում։ Բացի դրանից՝ շատ պունկտուալ են։ Մի տեղ կարդացել եմ, որ ճապոնացիները երբեք չեն ուշանում հանդիպումներից, և եթե հանկարծ մարդը 5 րոպե ուշանում է, ու հեռախոսին էլ չի պատասխանում, անմիջապես դիմում են ոստիկանություն։ Իսկ մեզ մոտ ժամ պայմանավորվելու համար իրական ժամից կես ժամ առաջ ենք ասում, որովհետև գիտենք՝ մեկ է կես ժամ ուշանալու է)):

peoplemedia.am Armine Hakobyan

Ստեփանակերտ․ լուսանկարի հեղինակ՝ Արմինե Հակոբյան

Սիրում եմ Ստեփանակերտը։ Ճիշտ է, այն փոքր է, և դա ունի իր լավ ու վատ կողմերը, բայց մեր քաղաքն ինձ շատ է դուր գալիս և ես չեմ կարող ասել, որ այն շատ փոքր է երևի նրա համար, որ ինքս հիմնականում ապրում եմ իմ ֆանտազիաներում, իսկ այնտեղ շատ ընդարձակ է, սահմաններ չկան։ Որտեղ էլ որ ես ապրեի, որքան էլ մեծ լիներ իմ քաղաքը, միևնույն է, ես ունենալու էի ընդամենը մի քանի մտերիմ ընկեր։ Տեսակով այդպիսին եմ։ Հիմա էլ, ունեմ քիչ, բայց շատ լավ ընկերներ, որոնք ինձ հասկանում են․ մենք միանման ենք մտածում։ Շփվող եմ, բոլորի հետ էլ շփվում եմ դպրոցում, լավ դասընկերներ ենք, բայց մտերիմ ընկերները միշտ քիչ պիտի լինեն, ես այդպես եմ մտածում։ Ստեփանակերտում մարդիկ բոլորը ճանաչում են իրար, անվտանգ է։ Բայց  վատ է, որ տեղ չկա գնալու, ամեն ինչ սահմանափակ է ժամանցի տարբերակների առումով։ Իսկ ստեղծագործական առումով քաղաքի փոքր լինելն ինձ բացարձակ չի սահմանափակում։

peoplemedia.am Armine Hakobyan

peoplemedia.am Armine Hakobyan

Ձախ նկարը Արմինե Հակոբյանի աշխատանքն է, աջը՝ օրիգինալ լուսանկարը

Երբեք չեմ ձանձրանում, միշտ մի հետաքրքիր զբաղմունք գտնում եմ։ Շատ վաղ տարիքից նկարում եմ․ վրձինն ու ներկերը հիմա արդեն հաճախ փոխարինում եմ պլանշետիս գործիքներով․ նկարում եմ անիմացիոն պատմություններ, իլյուստրացիաներ եմ անում, ներկա պահին էլ կոմիքսներ եմ նկարում՝ իմ հորինած պատմությունն է, սյուժեն արդեն կա և մնում է այդ ամենը պատկերի վերածել։ Սիրում եմ ֆիլմեր դիտել, նաև շատ կարևոր դեր ունի իմ կյանքում երաժշտությունը։ Հիմնականում ռոք եմ լսում՝ System of a down, The gazette, ծնողներիս ժամանակվա ռոք խմբերից էլ ունեմ շատ սիրելի մի քանիսը՝ Guns&roses, Metallica, ACDC: Ինքնուրույն ճապոներեն եմ սովորում, արդեն կարողանում եմ շփվել, համացանցում ճապոնացի ընկերներ ունեմ, որոնց հետ իրենց լեզվով եմ շփվում։ Ես դա անում եմ լեզուն արագ յուրացնելու համար, և նրանք ասում են, որ ստացվում է))։

Հատվածներ Արմինե Հակոբյանի կոմիքսից

peoplemedia.am Արմինե Հակոբյան

Հատվածներ Արմինե Հակոբյանի կոմիքսից

Իմ կոմիքսի հերոսին շատ եմ սիրում։ Լիմինը մի տղա է, ով միայնակ է աշխարհում․ չունի ծնողներ, քույր եղբայր և գաղտնի գործակալ է աշխատում։ Մի օր, մտքերով տարված նա ենթարկվում է ավտովթարի ու հիվանդանոցում հանդիպում է հիվանդ մի աղջկա, ով, հետագայում պարզվում է՝ հոգի է։ Աղջկան միայն Լիմինն է տեսնում, և պատմությունն այն մասին է, թե ինչո՞ւ է տեսնում ինքն այդ աղջկան, ում արդեն սիրահարվել է։

peoplemedia.am Armine Hakobyan

Արմինեի կոմիքսի հերոսները

Ամեն անգամ, երբ կոմիքսի նոր էջը պատրաստ է լինում, անպայման ցույց եմ տալիս մտերիմ ընկերներիս, ոնց որ իրենց համար անելիս լինեմ։ Իրենց դուր է գալիս այն, ինչ անում եմ։ Դա ինձ շատ է ոգևորում, նոր էջեր նկարելու ստիմուլ է։

peoplemedia.am Արմինե Հակոբյան

Արմինեի աշխատանքներից

Շաբաթական մեկ օր անպայման լինում եմ Թումոյում, բայց եթե դասընթաց է լինում՝  համարյա ամեն օր։ Թումոյի բոլոր խմբակները հաճախել եմ՝ անիմացիա, ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, հիմա հաճախում եմ նկարչության խմբակը։ Թումոյի շնորհիվ նոր մարդկանց ճանաչեցի նաև ընկերներ ձեռք բերեցի, որոնց քաղաքից գիտեի, բայց երբեք առիթ չունեինք իրար հետ շփվելու։ Մտածում եմ՝ նկարչության խմբակն էլ որ ավարտեմ, արդեն երկրորդ շրջանով նորից սկսեմ անցնել բոլոր խմբակներով։ Ինչքան էլ ասեմ, որ արդեն ավարտել եմ այս կամ այն խմբակը, մեկ է, գիտեմ, որ այնտեղ միշտ էլ կարելի է նոր բան սովորել։ Դպրոցում ամենաշատը սիրում եմ մաթեմատիկան։ Մասնագիտություն ընտրելու հարցում շատ էի դժվարանում, բայց որոշել եմ՝ ծրագրավորող եմ դառնալու։ Ծրագրավորումը հեշտ է կապել բոլոր մնացած ուղղությունների հետ։ Նկարչությունը համադրելու եմ ծրագրավորման հետ։

Ֆիլմը Թումոյի անիմացիայի խմբակի իմ ավարտական աշխատանքն է։ Առաջադրանք է եղել  11 վայրկայնից ավել տևողությամբ անիմացիոն պատմություն նկարել։ Շատ աշխատեցի, ամբողջ օրը Թումոյում էի ու վերջում ստացվեց այս ֆիլմը, որը շարունակություն է ունենալու։ Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ դատարկության, մթության ու չարիքի մեջ ծնվում է մի բան, որը լուսավոր է։ Չարիքն ուզում է վերացնել սպիտակը, և վերջինս փախչում է անտառ։ Պայքարում է ու ապրում։ Անտառում, որտեղ նորից մութ ու ցուրտ է, սպիտակն իրեն նորից մենակ է զգում, բայց երբ ձյուն է տեղում, ամեն ինչ իր տեղն է ընկնում, քանի որ ձյան ճերմակությունը սփռվում է ամենուր։

Ինձ հաճախ են ասում՝ հերիք է նկարես, մի նորմալ գործով զբաղվիր։ Դա իմ դպրոցի ուսուցիչներից մի քանիսն են։ Քանի որ մի քանի առարկաներից լավ եմ, երևի ուզում են, որ այդ ուղղությամբ շարունակեմ։ Ես մաթեմատիկա շատ եմ սիրում, բայց չեմ կարող միայն դրանով զբաղվել։ Իմ երևակայությունը չի թողնում, որ ես կենտրոնանամ զուտ թվերի հստակ աշխարհի վրա։ Բայց ունեմ նաև ուսուցիչներ, որոնք ոգևորում են ինձ, ասում են՝ նկարիր, քոնը դա է, լավ է ստացվում։ Տանը հայրիկս է հիմնականում ուզում, որ ես գիտությամբ զբաղվեմ։ Մի տեսակ լուրջ չի ընդունում իմ զբաղմունքը։ Բայց, եթե մի լավ բան եմ նկարում, անպայման գովում է, լավ խոսքեր է ասում, իսկ մայրիկս ինձ լիովին հասկանում է, անգամ խորհուրդներ է տալիս, ոգևորում է՝ իմ աշխատանքները ֆեյսբուքում իր ընկերներին ցուցադրելով։ Ինքն էլ է ստեղծագործում՝ նկարում է, գործում։ Անիմացիայի հարցում ամենալավ խորհրդատուս քեռիս է։ Մասնագիտությամբ ռեժիսոր է ու լավ է հասկանում՝ ինչ եմ ուզում։

peoplemedia.am Արմինե Հակոբյան

Արմինեի աշխատանքները

Ինձ դուր չի գալիս, երբ համացանցում անըդհատ կարդում եմ պատերազմի վերսկսման մասին։ Անըհդհատ ասում են՝ ամեն վայրկյան Արցախում պատերազմը կարող է սկսվել։ Ես չեմ ասում, որ այդպես չի կարող լինել, հատկապես որ դա տեղի ունեցավ ապրիլին։ Բայց այդպիսի լուրերն ինձ շատ են հուսահատեցնում։ Հետաքրքիր մի բան էլ կա․ Արցախում պատերազմի մասին ավելի հանգիստ են խոսում, քան, ասենք, արտասահմանում ապրող մարդիկ։ Ես մտնում եմ համացանց, ու կարդում եմ բոլորովին ուրիշ Արցախի մասին։ Իսկ իրականում՝ մեր մոտ ամենախաղաղն է։

Երազում եմ մի օր հանդիպել ու իմ աշխատանքները ցույց տալ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին։ Այն, ինչ նա անում է, ինձ շատ է ոգևորում։ Կցանկանայի լսել նրա կարծիքն իմ կոմիքսների, իմ արածի որակի մասին։ Նաև երազում եմ՝ մի օր Հայաստանն այնքան զարգանա անիմացիայի արտադրության մեջ, որ դուրս գա միջազգային հարթակ ու ես էլ լինեմ այդ բնագավառում))»։

© Peoplemedia.am

Զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

Tags: , , , , , ,