Ուզում եմ, որ այս կենտրոնը դառնա շատ մեծ «Երազի տուն»․ Նարինե Մանուկյան

  • Հունվարի 30, 2019, 17:00

«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ի պատերին վերջերս հայտնված գունավոր ու պայծառ նկարները հատիկ-հատիկ մեզ ցուցադրելով, նա պատմում է բոլոր հեղինակների մասին ու դա անում է այնպիսի մեծ ու շնորհակալ սիրով, ասես՝ աշխարհն են նվիրել իրենց կենտրոնին։ Նարինե Մանուկյանին լավ ճանաչողները գիտեն՝ նրա պարագայում զարմանալու բան չկա, այդպիսին է՝ մի կաթիլ սիրո ու հոգատարության դիմաց ծով սեր ու երախտիք ունի սրտում՝ յուրաքանչյուրի համար։ Ու հենց Նարինեն է մեր հասարակության մեջ այն եզակիներից մեկը, ով իր օրինակով սովորեցնում է բարեգործության գեղեցիկ մշակույթը՝ առանց հոգնելու, հիասթափվելու, տրտնջալու։

2018թ․ դեկտեմբերին «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի նախագահ, «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը նշանակվել է «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի»-ի տնօրեն ։

Peoplemedia.am ը եղել է կենտրոնում, լուսանկարել նրա առօրյան և կենտրոնի հետ կապված առաջիկա պլանների, երազանքների ու անելիքների մասին զրուցել նորանշանակ տնօրեն Նարինե Մանուկյանի հետ։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

«Կենտրոնը ստեղծվել է երկրաշարժից հետո, որովհետև այդ ժամանակ է առաջացել վերականգնողական բուժման մասսայական ու մեծածավալ կարիքը Հայաստանում։ Բազմաթիվ մարդիկ ձեռք էին բերել հաշմանդամություն, ուստի նման կենտրոն ունենալը պետության համար դարձել էր առաջնահերթություն։ Ահա այդ պայմաններում էլ 1991-ին «ADRA» միջազգային կազմակերպության և ամերիկյան «Project Hope» բարեգործական կազմակերպության ծրագրերի շնորհիվ կենտրոնը ստեղծվեց: «ADRA» միջազգային կազմակերպությունը ձեռնամուխ եղավ բուժական մասնաշենքի կառուցմանը, իսկ ամերիկյան «Project Hope» բարեգործական կազմակերպությունը հիմնադրեց ուսուցողական ծրագիր՝ մանկական վերականգնողական նոր մասնագետների պատրաստման համար և կազմակերպեց բուժական գործը:

peoplemedia.am Նարինե Մանուկյան

Ըստ էության, այստեղի մասնագետները Հայաստանում լավագույններից  են, և իմ գնահատմամբ, ոչ թե որպես կենտրոնի տնօրեն, այլ որպես ծնող՝  ամենաշատ փորձառություն ունեցողները բնագավառում։ Նրանք մարդիկ են, ովքեր իրավուքն ունեն հավակնել Հայաստանում մասնագետներ վերապատրաստելուն։ Իսկ դա շատ հրատապ է այսօր։ Հայաստանում այսօրվա դրությամբ չկա այս ոլորտի մասնագետների կատարելագործման, վերապատրաստման դպրոց, և մենք ուզում ենք այդ բացը լրացնել։ Կենտրոնի ներսում, այստեղ աշխատող մասնագետների համար տարիներ շարունակ դա արվել է։ Բայց հիմա մենք ուզում ենք այդ ուղղությունը որպես կոնտենտ առանձնացնել, որպեսզի այն մասնագետները, որոնք ավարտում են մանկավարժական համալսարանը, ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը և կինեզիոլոգիայի բաժինը, կարողանան գալ այստեղ, անցնել կատարելագործման ու վերապատրաստման դասընթացներ և արդեն որպես իսկական մասնագետ, այլ ոչ թե զուտ թեորիային տիրապետողներ, անցնել աշխատանքի։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Կենտրոնը ունի 9 մասնաշենք, 90 000ք/մ տարածք, տարեկան այստեղ ստացիոնար և ցերեկային ստացիոնար բուժում է ստանում մոտ 1000 երեխա՝ առողջական տարբեր խնդիրներով։ Իսկ ընդհանուր առմամբ՝ կենտրոնի վերահսկողության տակ գտնվում են 4000-6000 երեխա՝ Հայաստանի ամբողջ տարածքից և Արցախից։ Հարություն Քուշկյանը, Արցախի Հանրապետությունում առողջապահության նախարար լինելու ժամանակ, Արցախում ստեղծել է վերականգնողական կենտրոն, սակայն մեր դռները միշտ բաց են մեր արցախցի բալիկների համար։ Ունենք արտերկրից բազմաթիվ հիվանդներ, ովքեր տարիներ շարունակ մեր կենտրոնում ստանում են իրենց բուժումը և գոհ են մեր պայմաններից։ Այս պահին մեր նպատակն է նրանց թիվն ավելացնել։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Պարոն Քուշկյանն իրականում ազգանվեր գործ է անում, քանի որ ոչ մի շահույթ կենտրոնից չի հետապնդում, ուստի ամբողջ գումարը, որը կգոյանա վճարովի համակարգի պացիենտների գումարներից, կներդրվի որպես կենտրոնի զարգացման ծրագիր։ Ես ուզում եմ անպայման ընդգծել պարոն Քուշկյանի նվիրումն այս կենտրոնին, ինչպես նաև «Երազի տանը», որի ստեղծման հիմքերում հենց իրենց ընտանիքն է կանգնած։ Որպես տնօրեն, ես ամբողջովին ազատ եմ իմ գործունեության մեջ, չկա ոչ մի սահմանափակում, որը կարող է խոչընդոտել իմ աշխատանքին, այս կամ այն նախաձեռնությանը կամ ծրագրին։ Այլ պարագայում ես այստեղ չէի լինի, որովհետև ինձ ճանաչողները գիտեն՝ ես ստեղծագործական մոտեցում եմ ցուցաբերում իմ գործում ու չեմ կարող աշխատել կաղապարված։ Եթե մեզ հաջողվի զարգացնել մեր ծրագրերն ու իսկապես շահույթ ունենալ՝ այդ ողջ շահույթը կներդրվի բացառապես կենտրոնի զարգացման գործի մեջ։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Այս պահին ունենք հրատապ լուծելու երկու հարց պետք է գազաֆիկացվի տարածքը, որն այսքան տարի էլեկտրաէներգիայով է միայն սպասարկվել, և երկրորդը՝ պետք է զրոյից բարեկանգենք մեր հսկայական, մասնագիտացված լողավազանը։ Այս հսկայածավալ ներդրումները կատարելու է պարոն Հարություն Քուշքյանը և ծրագիրը հաջողելու դեպքում, մեր լողավազանը դառնալու է միակն ամբողջ Հայաստանում՝ իր մասշտաբներով։ Այդ դեպքում մենք կկարողանանք արտերկրից շատ հիվանդների ընդունել ու խթանել նրանց հոսքը մեր կենտրոն։ Մեր մասնագետներն այնպիսի համբավ ունեն, որ շատերը հաճախ արտերկրում  աշխատանքի առաջարկներ են ստանում, գնում են, մի որոշ ժամանակ աշխատում ու վերադառնում։ Նրանց պահանջարկը կա Վրաստանում, ԱՊՀ շատ երկրներում և եթե մենք կարողանանք այս կենտրոնը կատարելագործել ու հասցնել այն աստիճանի, որ ոչ թե մեր մասնագետները գնան, այլ մեր մասնագետների համար գան Հայաստան, դա կլինի միանշանակ հաղթանակ։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Որպես ՄՈՒԿ ունեցող երեխայի մայր, ես տարբեր երկրներում եմ եղել ու կարող եմ հստակ համեմատություններ անել մեր կենտրոնի և դրսի կենտրոնների միջև վստահ ասում եմ՝ այն գները, որոնք Հայաստանում կան ու կլինեն, անհամեմատելի մատչելի են՝ եռակի, քառակի անգամ։ Բացի այդ,  մեր մասնագետների հսկայածավալ փորձը, վերապատրաստումները ոչնչով չեն զիջում, և որոշ առումով կարող են նաև գերազանցել արտերկրի թանկարժեք ու հանրահայտ վերականգնողական կենտրոնների պրոֆեսիոնալիզմին։ Ի վերջո, կարևորը մասնագետների որակն է, այլ ոչ թե կենտրոնի հատակի կամ պատերի վերանորոգումը։ Երրորդն այն է, որ մեր կենտրոնը գտնվում է բնության գրկում՝ էկոլոգիապես մաքուր ու իդեալական միջավայրում։ Երեխաներն այստեղ ունեն ապրելու, լավ պայմաններում մնալու հնարավորություն, որոնք մենք պատրաստվում ենք էլ ավելի բարեկարգել։ Գարնանը, ամռանն ու աշնանը այստեղ իսկապես շքեղ բնություն է ու հիանալի բարենպաստ միջավայր երեխաների և նրանց ծնողների համար։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Մենք ունենում ենք տարբեր համագործակցություններ և բաց ենք ցանկացած նախաձեռնության համար, որը կնպաստի երեխաների համար պայմանների բարելավմանը։ Այս պահին պայմանավորվածություն ունենք «HUJ» ջոկատի հետ, որի միջոցով տարիներ շարունակ տարբեր երկրներից տարբեր կամավորական խմբերի ենք հյուրընկալում,  օրինակ՝ Գերմանիայից այս տարի երկու կամավորական խմբերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնց ամբողջ պոտենցիալը ներդրվելու է այդ պահին մեր կենտրոնում բուժում ստացող երեխաների ժամանցը կազմակերպելու վրա՝ արտթերապիա, խաղեր և այլն։ Շատ հրաշալի պայմանավորվածություն ունենք «Հեքիաթն է կանչում» ընկերության հետ․ ամեն ամիս այդ պահին բուժում ստացող բոլոր երեխաների համար կազմակերպելու ենք միջոցառումներ, բեմականացումներ՝ հեքիաթային հերոսների մասնակցությամբ։ Մենք շատ ենք կարևորում մեր երեխաների հոգեբանական լավ վիճակը, որովհետև առանց դրա ոչ մի ֆիզիկական միջամտություն արդյունք չի կարող տալ, ես դա իմ փորձից գիտեմ։ Եթե երեխան երջանիկ չէ, ապա ամեն ինչ անիմաստ է։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Ես կարծում եմ՝ իմ նշանակումը նոր շունչ է կենտրոնի համար և ես պատրաստ եմ իմ ողջ ներուժը ներդնել՝ այն ծառայեցնելով մեր երեխաներին ու կենտրոնի զարգացմանը։  Այս պահին ունենք համագործակցություն «ՎԻՎԱ» կազմակերպության հետ, որը մեզ 5 մարզասարք է նվիրել։ «Տերյան» կենտրոնի և Անուշ Սարգսյանի շնորհիվ ամբողջովին նկարազարդվել է մեր կենտրոնը։ Մեր նպատակն է, որ և՛ ծնողը իրեն այստեղ երջանիկ զգա, և՛ երեխան։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Վերականգնողական կենտրոնի հիմքը անձնակազմի վերաբերմունքն է ծնողի և երեխայի նկատմամբ։ Ոչ մեկն այստեղ, ցավոք, չի մտնում ուրախ տրամադրությամբ։ Բոլորը գալիս են վախեցած, ընկճված՝ ի՞նչ է լինելու իրենց երեխայի հետ, ի՞նչ է նրան սպասվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ թեթևացնենք այդ լարվածությունը։ Ես ուզում եմ, որ այս կենտրոնը դառնա շատ մեծ «Երազի տուն»։ Այն մթնոլորտը, որն այնտեղ կա, վստահեցնում եմ, շատ կարճ ժամանակ հետո նաև այստեղ է լինելու։ Ես դրան հավատում եմ, քանի որ ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ այս պահին չկա, որպեսզի այս կենտրոնը դառնա երազանքների իրականացման և երջանկության վայր։ Մենք պիտի մեր պոտենցիալը մաքսիմալ օգտագործենք դրա համար։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Այս պահին ես համարձակ ասում եմ՝ այո, ես հավակնում եմ այս կենտրոնը առաջիկայում դարձնել առաջինը Հայաստանում, որովհետև ունենք շենքային պայմաններ, բազմամասնագիտական, պրոֆեսիոնալ թիմ, որն ամենալուրջ խնդիրն է լինում սովորաբար։ Պետք է ընդմիշտ հիշել՝ ծնողին խաբելն անհնար է։ Մայրերն ունեն գիտելիքների բազա, փորձառություն այս ոլորտում և երրորդ օրն արդեն հասկանում են՝ ով է իրենց երեխայի հետ աշխատում, ինչի համար է աշխատում և ունենալո՞ւ են արդյունք, թե՞ ոչ։ Եթե ծնողը չի տեսնում արդյունք, կենտրոնը դատապարտված է՝ անգամ եթե պատերը ոսկուց են ու ներսում հրաշալի պայմաններ են։ Մեր բժիշկ վերականգնողաբանները ունեն 40-ից ավելի վերապատրաստումներ աշխարհի տարբեր երկրներում։ Բուժական թիմը հրաշալի պրոֆեսիոնալներ են։ Սա մեր առավելություններից գլխավորն է և ես, որպես տնօրեն, չեմ կարող շեշտ չդնել հենց անձնակազմի գերպրոֆեսիոնալիզմի վրա։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Մենք ունենք պետական աջակցություն։ Առողջապահության նախարարությունն այս պահին ևս շարունակում է պետպատվերի շրջանակներում ֆինանսավորել կենտրոնը, որը շատ կարևոր է։ Սակայն մենք էլ մեր կողմից պարտադիր ներդրումներ ենք կատարելու, զարգացման ծրագրեր ենք գործարկելու ու որպես հարկատու՝ օգուտ ենք բերելու մեր երկրին։ Ես, որպես տնօրեն, եկել եմ միանալու թիմին, որպեսզի միասին այս կենտրոնն ավելի լավը դարձնենք՝ առաջնորդվելով «միասին՝ հանուն երեխաների» կարգախոսով։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Փնտրում ենք գործընկերներ։ Ոչ մի ուրիշ վերականգնողական կենտրոն չունի այս ծավալները Հայաստանում, որը կարող է սպասարկել 4000-ից 6000 երեխաների ու պատկերացրեք՝ որքան մեծ կարող է լինել աջակցության ցանկացած դրսևորման արձագանքը։ Բոլորի համար էլ բարդ ժամանակներ են, բոլորն էլ ունեն գումարի կարիք, բայց այստեղ խոսքը ոչ միայն գումարի, այլ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում մեր երեխաներին օգնելու կամքի մասին է։ Հազարավոր նամակներ եմ ստացել մարդկանցից, ովքեր արձագանքել են իմ՝ գալ ու կենտրոնի պատերը նկարազարդելու խնդրանքին։ Մեծ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ մարդիկ կամավոր ուզում են օգնել, պատրաստ են նվիրել իրենց ժամանակը, որ ինչ-որ մեկի կյանքում մի բան փոխեն։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Ես վստահ եմ, որ մեր պետությունն ունի պոտենցիալ՝ այս երեխաների կյանքն ավելի անհոգ դարձնելու, սակայն պետությանն էլ է պետք օգնել։ Տեսնում ենք, որ բարելավումների գործընթացը մեկնարկած է և սոցիալական ապահովության  ու առողջապահության նախարարների մակարդակով բոլորը պատրաստակամ են օգնելու մեզ՝ հնարավորի սահմաններում։ Սա շատ կարևոր է․ նշանակում է՝ կա առողջ փոխգործակցության մթնոլորտ, և դա արդեն հրաշալի համագործակցության հարթակ է։ Մնում է մենք մեր հերթին, պետությունն էլ իր հերթին կատարենք բոլոր հնարավորը, որպեսզի արդյունք ստանանք։ Պետք է  առաջ գնանք միասին՝ ձեռք ձեռքի բռնած։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Կենտրոնն ունի ինտեգրացիոն բաժանմունք, որն իրենից ներառական մի հրաշալի միջավայր է ներկայացնում։ Երկհարկանի շենք, է, որտեղ ամեն օր Նորագյուղից գալիս են 10-12 առողջական խնդիրներ չունեցող երեխաներ և նրանց միանում են մեր կենտրոնի ստացիոնար բաժանմունքի երեխաները՝ թերապիաներից հետո։ Եթե Դուք տեսնեք այդ խումբը, տեսնեք ինչ առողջ ու լավ միջավայր է երեխաների համար, չեք էլ տարբերի՝ որ երեխան ունի խնդիրներ, որը՝ ոչ։ Թյուր ըմբռնում կա Հայաստանում, որ դեռ երկու տարի առաջ մենք  չունեինք ներառական միջավայր։ Բայց արի ու տես , որ այս կենտրոնում այն արդեն 17 տարի է՝ գործում է։ Ինտեգրացիոն բաժանմունքը մեր կենտրոնում հիմնվել է 2002 թվականին։ Պարզապես պետք է այդ բաժանմունքը զարգացնել, շենքային պայմանները բարելավել, որին մենք այս պահին լծված ենք և ես շատ լավատես եմ այս հարցում»։

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Գերպրոֆեսիոնալ ու փորձառու մասնագետների թիմը. ահա, ըստ Նարինե Մանուկյանի, այն գլխավոր ամենաթանկ ռեսուրսը, որն այս պահին ունի կենտրոնը․ հենց այս գործոնի վրա էլ հենվում է  կենտրոնին նոր կյանք տալու ողջ ծավալուն ծրագիրը, որը Նարինե Մանուկյանը միանգամայն իրատեսական ու հնարավոր է համարում։ Նարինեի  ոգևորությունն անչափելի է, պլանները՝ շատ, դրանք իրականության վերածելու եռանդն ու լավատեսությունը՝ մի քանի անգամ ավելի։ Կենտրոնից հեռանում ենք՝ համոզված, որ մեր հաջորդ այցին այստեղ հաստատ շատ բան է բարեփոխված լինելու։ Այլ կերպ չի էլ կարող լինել, եթե բարի է գործի նպատակն ու վճռական՝ դրան հասնելու մեծ ցանկությունը։ Իսկ նպատակը հազարավոր երեխաների կյանքի բարելավումն է։

peoplemedia.am Նարինե Մանուկյան

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Նարինե Մանուկյան Peoplemedia.am

Զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

Ֆոտոշարքը՝ Անի Հակոբյանի

Tags: , , , , ,