Երևանի հանդեպ սերը բացիկների վերածող Լիլիթը

  • Փետրվարի 1, 2019, 14:47

Քաղաքին սիրահարվում են ոչ գեղեցիկ փողոցների ու հարթ ասֆալտի, ոչ անթերի շենքերի ու կանաչ այգիների համար․ քաղաքին սիրահարվում են առանց պատճառի։ Սիրահարվում են նեղլիկ  ու հաճախ փոշոտ փողոցներին,  շենքի անկյունում ծաղիկների փոքրիկ կրպակին, երթուղային տրանսպորտի ժպտացող վարորդին, ամեն պատուհանի արտացոլքում շողացող արևին, սիրահարվում են քաղաքի այն թաքնված անկյուններին, որտեղ միշտ թարմ են ծանոթ ու անծանոթ ոտնահետքերը։

Peoplemedia.am-ը զրուցել է Երևանին հավերժ սիրահարված ու քաղաքը բացիկների վերածող Լիլիթ Մկրտչյանի հետ։

«90.s_kid_here» ՝ 90-ականների երեխա, իրեն բակային խաղերում  մեծացած, ավտոտնակների կտուրներ բարձրացող ու երևակայական տուն նկարող վերջին սերնդի ներկայացուցիչ համարող 24-ամյա  Լիլիթը  մանկուց սիրել է նկարել։ Սկզբում գրիչի ու մատիտի, ապա ջրաներկի ու վրձնի օգնությամբ էր թղթին հանձնում իր մտքերը, հետո արդեն ֆոտոապարատով ու հեռախոսվ։ Բայց  մասնագիտություն ընտրելու կարևորագույն պահին նա չընտրեց նկարչությունը, այլ գնաց տուրիզմի ուղղությամբ։

lilit mkrtchyan

Լուսանկարում եմ գրեթե ամեն ինչ

Մասնագիտությունը ձեռք բերելու ընթացքում շրջեցի ամբողջ Հայաստանով․ եղա այնպիսի վայրերում, որոնք շատերին հայտնի չեն, կամ քիչ հայտնի են, տեսա Հայաստանի շատ գեղեցիկ, բայց մարդկանցից թաքնված անկյուններ։ Եվ երբ ձեռք բերեցի առաջին թվային ֆոտոապարատս, այդ այցերի ժամանակ սկսեցի նաև լուսանկարել․ լուսանկարում էի գրեթե ամեն ինչ, բայց փորձում էի դա անել արտիստիկ և ոչ սովորական դիտանկյունից։ Հետո արդեն ունեցա լուսանկարող հեռախոս, որն ավելի  հեշտացրեց ամեն պահի անմահացնել ինձ դուր եկած տեսարանը։

postcard

Ինչից սկսվեց․․․

Ինստագրամում գրանցվել եմ 2014 թվականին։ Սկզբնական շրջանում կիսվում էի այն լուսանկարներով, որոնք ընթացիկ անում էի։ Եկավ մի շրջան, երբ զգացի, որ միայն լուսանկարները բավարար չեն։ Ինստագրամյան էջս սկսեցի բլոգային ոճով վարել։ Հասկացա, որ լուսանկարներն ավելի որակով պետք է լինեն, կոորդինացված, ունենան նկարագրություն՝ փոքրի ինֆորմացիայի տեսքով։ Զգացի, որ այդ բովանդակությունն ավելի է հետաքրքրում մարդկանց։ Դրսում ապրող ընկերներս սկսեցին հետաքրքրվել գրառումներովս, հարցեր ուղղել այս կամ այն վայրի մասին։ Այդ հետաքրքրության մեջ ահռելի կարոտ կար դեպի հայրենիք, Երևան, մանկության վայրեր։ Արձագանքների արդյունքում ձևավորվեց ու հասունացավ բացիկներ ստեղծելու միտքը, որ յուրաքանչյուր ոք կարողանա իր հետ տանել կամ սիրելի մարդկանց  նվիրել Հայաստանի մի մասնիկը։ Այս ամենով փորձում եմ հետ բերել երկրից թեմատիկ բացիկներ տանելու երբեմնի մշակույթը։ Դրանք կարելի է նաև փոստով ուղարկել։  Բացիկներն ամեն տեսակետից  ֆունկցիոնալ են․ հետևի մասում կա դրոշմանիշի և ինչ-որ գրություն թողնելու հատված։

yerevan

Առաջին բացիկը

Ամենաառաջին բացիկի վրա պատկերված էր Կասկադի արձաններից մեկը, իսկ հակառակ երեսին ընդհանուր տեղեկություններ էին Կասկադի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի վերաբերյալ։

Կասկադի տարածքը և Պապլավոկի այգին  Երևանում իմ ամենասիրելի վայրերն են։ Ինձ համար ցավալի է տեսնել գովազդային վահանակների մեջ խեղդվող իմ քաղաքը։ Իհարկե, հասկանում եմ՝ մարդիկ գումար են վաստակում, բայց չէ՞ որ քաղաքը շնչահեղձ է լինում։ Այդ վահանակները մեզնից թաքցնում են մեր գեղեցկուհու դեմքը։

kaskad

Հայաստանը  յուրովի եմ տեսնում

Եթե հուշանվերների խանութից ինչ-որ մեկի համար ցանկանաք բացիկ գնել, կնկատեք, որ դրանք հիմնականում ստանդարտ տեսարաններ են պատկերում՝ Արարատ, Գառնի, Գեղարդ, Հանրապետության հրապարակ  այլն։

Ես այն մարդկանցից եմ, ով Հայաստանը  տեսնում է  յուրովի։  Իմ բացիկներով փորձել եմ կոտրել այն կարծրատիպը, որ Հայաստանից պետք է տանել, կամ սփյուռքահայերին հետաքրքիր են միայն շատ հայտնի տեսարանները։ Հայաստանն ամեն քայլափոխի գեղեցիկ է, ամեն քայլափոխի ցույց տալու ու պատմելու բան ոնի։

armenia

Երևանը լավագույն քաղաքն է աշխարհում

Իմ բացիկներում գերակշռում են երևանյան տեսարանները, որովհետև այն իմ ամենասիրելի քաղաքն է։ Երևանն ինձ համար արևի, սիրո և ընկերության քաղաք է։ Այստեղ են անցել իմ կյանքի բոլոր կարևոր փուլերը։ Այն այնքան բազմազան ու բազմաշերտ է, որ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող տեսարան ու գույն։

Փորձում եմ գրքի շապիկից ներս մտնել և ցույց տալ նրա էջերը։ Հաճախ եմ տոնական շարքեր պատրաստում․ օրինակ քաղաքի ամանորի զարդարանքները, տոնածառերը Երևանի  փողոցներում, կամ մարտի 8-ին ընդառաջ՝ ծաղիկներ ու ծաղկի կրպակներ եմ լուսանկարում։

yerevan

Շատ եմ սիրում լուսանկարել ծաղիկներ և ծաղկի կրպակներ։ Ծաղիկները ժպիտներ են, իսկ մեր քաղաքում բախտս բերել է․  ժպիտ է  ամեն քայլափոխի։

yerevan

Չեմ ուզում բացիկներս հասարակ դառնան

Երկար ժամանակ իմ մասնագիտությամբ աշխատել եմ տուրիստական ընկերությունում և ոլորտին բավականին լավ եմ ծանոթ։ Մի պահ փորձեցի համագործացության եզրեր փնտրել, որ իրենք իմ բացիկներն իրենց մոտ ունենային և տուրիստներին վաճառեին, բայց շատ շուտ մտափոխվեցի, որովհետև չցանկացա, որ դրանք դառնան մասսայական սպառման։ Այդպիսով ես էլ կսպառվեի, իսկ բացիկներս կդառնային հասարակ մի բան, որը կարելի է ամեն խանութում գտնել։

Դրանք միշտ պետք է յուրահատուկ լինեն, օրինակ շուտով նախատեսում եմ մի քանի հատուկ թեմատիկ շարքեր անել՝ հայկական սնունդ, քաղաքի դեմքը ներկայացնող մարդիկ և այլն։

poplovok

Հատուկ չեմ պլանավորում ինչ նկարել

Աշխատանքից հետո  զբոսնելիս  կամ ընդմիջմանը  կարող է ինչ-որ բան տեսնեմ, որ աչքս գրավի, անմիջապես նկարում եմ։ Լինում է նաև, որ հատուկ որոշած դուրս գամ, բայց ոչինչ չնկարեմ։ Հատուկ ներշնչանք երբեք չի լինում, ամեն ինչ ժամանակից է կախված։ Օրինակ այս եղանակին Կասկադը չեմ նկարի, որովհետև այն ինձ ավելի շատ աշնանային գույների մեջ է գրավում։

yerevan

Ամեն ինչին նայեք սիրող աչքերով

Մարդիկ երկու տեսակ են լինում՝ արվեստի մարդիկ և պրակտիկ մարդիկ։ Պրակտիկ են այն մարդիկ, ովքեր իրենց վերջնական նպատակին հասնելու համար մոտիվացիա միշտ են գտնում․ նրանք հիշում են ինչի համար են աշխատում և առանց դադարի առաջ գնում։ Իսկ արվեստի, կամ ավելի կրեատիվ մտածողությամբ մարդիկ կարող են ամիսներով ոչինչ չանել, որովհետև չունեն ոգեշնչման աղբյուր։ Այդ ժամանակ օգնության է հասնում նախկին աշխատանքներին նայելը, հիշելը՝ ինչն էր քեզ մոտ լավ ստացվում։ Ես երկու տիպին էլ պատկանում եմ, իհարկե, կրկին ժամանակից կախված։

Չնայած, որ իմ աշխատանքներում հատուկ չեմ շեշտադրում, բայց ես սիրում եմ ու ամեն ինչի մեջ փնտրում եմ հայկականությունը, ավանդականը։ Շատ եմ ցանկանում, որ մեր սերնդի ներկայացուցիչներն իրենց աշխատանքներում ցույց տան  ոչ միայն մոդեռնը և նորը, այլ փորձեն որևէ կերպ դա հյուսել ազգային արժեքների հետ։ Պետք է շատ սիրել մեր երկիրը ու քաղաքը, ու միշտ ամեն ինչին ն  այել սիրող աչքերով։

yerevan

yerevan

yerevan

© Peoplemedia.am

Զրուցեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Լիլիթ Մկրտչյանի անձնական արխիվի

Tags: , , , , , ,